Իրանը ծրագրում է Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիա ստեղծել ծովային անվտանգության համար

Իրանական նավ
Ռազմածովային նոր կոալիցիան գործելու է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ Իրանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու տարածաշրջանի այլ երկրներ մտադիր են կոալիցիա ձևավորել Հնդկական օվկիանոսի հյուսիսային ծովատարածքում անվտանգություն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։
Փոխծովակալը հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանն ու Օմանը մի քանի ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, և ասել, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Հնդկաստանը, ԱՄԷ–ն, Կատարը, Բահրեյնը, Իրաքը ցանկանում են համագործակցել ծովային անվտանգության հարցում։
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները 7 տարվա ընթացքում առաջին հանդիպումն են ունեցել
Խոսելով տարածաշրջանային և միջազգային նոր դաշինքների ի հայտ գալու մասին` փոխծովակալը հիշեցրել է նաև Իրանի, ՌԴ–ի և ՉԺՀ–ի` ՌԾՈւ–ի ամենամյա վարժանքներ անցկացնող միության մասին։
Հիշեցնենք`մայիսի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄԷ–ի իշխանությունները որոշել են դուրս գալ Մերձավոր Արևելքում ծովային անվտանգության կոալիցիայից, որը գլխավորում է ԱՄՆ–ն։ Ծովային միավորված ուժերի կոալիցիան, որի կենտրոնակայանը գտնվում է Բահրեյնում, 34 երկիր է միավորում։ Կոալիցիայի հիմնական խնդիրներից մեկը Կարմիր ծովում և Պարսից ծոցի շրջանում անվտանգության ապահովումն է և ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարը։
Այս տարվա գարնանը Իրանը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։
Իսրայելը Սաուդյան Արաբիայի հետ խաղաղություն է ուզում․ Նեթանյահու