ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայ Յեղափոխական Դաշնակցության հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեռ 2022թ. հունիսին լրատվամիջոցներից մեկը սոցիալական ցանցում հրապարակել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը։ Դրա ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արտաշատ համայնքի ավագանու ՀՅԴ ղեկավար, Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի (Արտավազդ Մարգարյան. խմբ)միջև։
«Քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի ՀՅԴ–ի կազմակերպված հանրահավաքին, 2022 թվականի հունիսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն ձեռք բերել Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Գ․Մ․-ի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ–ի` ավագանու անդամները կազմել են ցուցակներ, որոնցում նաև գրառումներ են արել քաղաքացների` գումարներ վերցնել–չվերցնելու վերաբերյալ:
Նախաքննական մարմինը շեշտում է, որ այս գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա։ Դրա հետևանքով խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթի նյութերը` երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին, այդ թվում՝ Արտաշատ համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին և ՀՅԴ «Արարատ» մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանին։ Մարգարյանն ազատ արձակվեց հունվարի 14-ին, իսկ Մանուկյանը` մարտի 9-ին։