ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երասխում կառուցվում է մետալուրգիական խոշոր գործարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից»,– գրել է Քերոբյանը։
Նրա խոսքով` արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։
Այս պահին, ըստ նախարարի, աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000–ը։
Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։ Ըստ «Հետքի»` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեությունը ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։