ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Ադրեա Վիկտորինի գլխավորությամբ, այցելել են արդարադատության նախարարություն։
Նախարարի տեղակալը զրույցի ընթացքում կարևորել է Հայաստանի և Եվրամիության երկկողմ համագործակցությունը, ներկայացրել այդ համագործակցության արդյունքում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
«Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը: Միևնույն ժամանակ քննարկվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը և այլն»,– հայտնում է նախարարությունը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտային ռազմավարությանն առնչվող հարցերը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված միջոցառումները: