Թունաքիմիկատների և պարարտանյութերի ներկրման խնդիրները դեռ հաղթահարված չեն. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Իշխանությունները դեռ հաջողությունների չեն հասել խոչընդոտների վերացման հարցում, ենթադրում են, որ դեռ մոտ 1 տարի էլ կշարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Թունաքիմիկատների և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրները դեռևս առկա են։ Այսօր Ազգային ժողովի պետաիրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Որոշ երկրներ սահմանափակումներ են մտցնում, այստեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջացած խնդիրներ կան, որոնց հետամուտ ենք լինում։ Սա շատ զգայուն ուղղություն է, ու չեմ կարող ասել, որ այս պահին լուրջ հաջողություններ ունենք»,– ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով` արդեն հաջորդ տարի կամ մեկ ու կես տարի հետո փոփոխություններ կլինեն։
Sputnik Արմենիան գրել էր, որ հայաստանյան 12 ընկերություն թունաքիմիկատ են ներմուծել Հայաստան ու չեն կարողանում այն մաքսազերծել։ Ավելի քան 700 տոննա թունաքիմիկատը մնացել է մաքսային պահեստում, այն դեպքում, երբ գյուղացիական տնտեսություններն ունեն դրա կարիքը։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ պարտադիր դարձավ թունաքիմիկատն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր:
Մեզ հետ զրույցում գործարարները հայտնեցին, որ նոր պահանջը տնտեսվարողների համար որևէ կերպ կանխատեսելի չի եղել, քանի որ ապրանքը պատվիրելուց մինչև Հայաստան հասնելը շուրջ կես տարի է տևում։ Արդյունքում` ապրանքը հասել է Հայաստան, ու մարդիկ փաստի առաջ են կանգնել։