ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու և նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում Տիգրանաշենին կսպասվի ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն էր։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչու է որոշվել սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել 1975 թվականի քարտեզներով, և ոչ օրինակ 1920–ականների քարտեզներով, որը ՀՀ–ի համար ձեռնտու է։
«Չնայած հասկանալի է՝ Ադրբեջանը այդպես է ուզում, այդպես են անում»,–ասում է նա։
Խաչատրյանն ընդգծում է` նույն 1975 թվականի քարտեզով, օրինակ, Գորիս –Կապան ճանապարհը անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով։
«Եթե հիմա հիմք են ընդունում 1975 թվականի քարտեզը, ինչո՞ւ տարածքը զիջեցին Ադրբեջանին այդպես հապշտապ` առանց սահմանազատման և սահմանագծման»,–ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնվելու դեպքում միջպետական ավտոճանապարհի հետ կապված առաջացող խնդիրը Նիկոլ Փաշինյանը անլուծելի չի համարում, Խաչատրյանն արձագանքեց.
«Տիգրանաշենի այլընտրանքային ճանապարհ հավանաբար Ուրցաձորի ճանապարհն է նկատի ունեցել, ասեմ ձեզ, որ Ուրցաձորի ճանապարհը նախատեսված չէ բեռնատարների համար, որովհետև եթե լանջառով շեղվեք ճանապարհից և իջնեք ներքև կտեսնեք, որ դա էլի բեռնատարի համար նախատեսված ճանապարհ չէ։ Եվ նույն խնդիրն է առաջանալու, ինչ Գորիս–Կապան այլընտրանքային ճանապարհի դեպքում։ Չի կարելի տալ ինչ–որ մի բան և ասել `լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Նույն տրամաբանությամբ կարող ես Երևանի կենտրոնը զիջել թուրքին և ասել՝ Նուբարաշենից դեպի Ավան կարող ես ուրիշ ճանապարհով էլ գնալ։ Դա ընդունելի չէ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո սահմանային ճշգրտումների արդյունքում Շուռնուխի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, և այդտեղ բնակվող 13 ընտանիք ստիպված եղավ լքել իր տունը։ Այժմ գյուղը գտնվում է թշնամու դիտակետում և բախվել է անվտանգային մի շարք խնդիրների։