ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաղեցված թռչնամսի որոշ տեսակներում հայտնաբերել է անհամապատասխանություններ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
Նշվում է, որ նմուշները վերցվել են «Արաքս», «Աշտարակ» , «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15․05․2023թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Արաքս», «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու կարգադրագիր:
Վերոնշյալ ընկերություններում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում:
«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել: