ՌԴ Բելգորոդի մարզը կրկին կրակի տակ է. կան զոհեր

ՌԴ Բելգորոդի ոստիկանությունը. Արխիվային լուսանկար
Բելգորոդի մարզում միանգամից մի քանի բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան Ավանի ավտոճանապարհի հատվածը։ Արկերի բեկորներն ընկել են կողքով անցնող մեքենաների վրա, կան զոհեր։ Տեղեկությունն իր «Telegram-ալիքում» հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
Մեքենաներից մեկում երկու կին է եղել, ստացած վնասվածքներից նրանք տեղում մահացել են։ Երկրորդ մեքենայում երկու տուժած կա։
«Մի տղամարդ կրծքավանդակի բեկորային վնասվածքներ ունի, երկրորդը՝ ստորին վերջույթների բեկորային վերքեր։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են թիվ 2 քաղաքային հիվանդանոց, անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել», - ասել է Բելգորոդի մարզպետը։
Փողային հրետանուց 11 արկ է արձակվել Վոլոկոնովսկի շրջանի Տիշանկա գյուղի ուղղությամբ։ Երկու առանձնատներում ապակիներ են ջարդվել։ Վնասվել են կենտրոնական գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը։ Վալույսկի շրջանի Լեոնովկա խուտորի գնդակոծության հետևանքով վնասվել է հացահատիկի պահեստը։ Տուժածներ չկան։