Քյարամյանը պաշտոնից ազատել է Արաբկիրի քննչական բաժնի պետին ու նրա 2 տեղակալներին

Արգիշտի Քյարամյան
Պաշտոնանկությունները կապված են թմրանյութերի իրացման աղմկահարույց դեպքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանների համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանն ու Արմեն Մուրադյանը: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Կոմիտեն պաշտոնանկությունների պատճառը չի նշում, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` Քյարամյանի որոշման պատճառը քննիչների կողմից թմրանյութեր իրացնելու աղմկահարույց դեպքն է։
Հիշեցնենք` լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։