Փաշինյանն ու Ալիևը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ

Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպումը
Մակրոնը կոչ է արել հրաժարվել թշնամական հռետորաբանությունից՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները վերահաստատել են Պրահայում ձեռք բերված հանձնառությունը` Ալմա Աթայի հռչակագրով հաստատված սահմանները հարգելու վերաբերյալ: Նաև վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատը` անդրադառնալով Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը։
Ըստ հայտարարության` եվրոպացի առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, հնարավոր կարճ ժամկետում ազատ արձակել ռազմագերիներին:
«Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների սահմանման կարևորությունը»,- նշում է Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հրաժարվել թշնամական հռետորաբանությունից` շեշտելով խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։
Քննարկել ենք նաև «Խաղաղության պայմանագրի» հարցը. Միշելը` հնգակողմ հանդիպման մասին