ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` եթե նախկինում մեկ անձից գնումների կատարելու որոշումները կայացնում էր կառավարությունը, հիմա փոփոխված կարգով` մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։
«Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար` այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- նշեց ֆինանսների նախարարը։
Նրա խոսքով` մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս։ Ըստ նրա` ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր։ Կառավարությունը թիրախային ցուցանիշ էր սահմանել 2024 թվականի համար` հասնել 47 տոկոսի, սակայն 2022-ին արդեն այս թվին հասել ու անցել են։ Գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։
Շեշտեց` իհարկե, խոսքը այն ծառայությունների գնման մասին չէ, որոնց մատակարարը 1-ն է, օրինակ` գազ, ջուր, էլեկտրաէներգիա և այլն։
Ֆինանսների նախարարը հավելել է, որ մրցութային հիմունքներով բոլոր գնումները կատարվում են էլեկտրոնային եղանակով, այստեղ մարդկային գործոնը զրոյի է հասցվել:
Հիշեցնենք, որ 2022 թվականին պետական կառավարման մարմինների կողմից կատարվել է 113 054 գնում, որից 52 450-ը՝ մեկ մատակարարից կամ մեկ անձից գնման կարգով։