ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով՝ հայ հասարակության շրջանում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ բովանդակային քննարկում է պետք անցկացնել։ Այս մասին Մանասյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Օրեր առաջ ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ ուզում է, որպեսզի մեր երկրում վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Նա նման հայտարարություն արել է նաև 2022 թվականի նոյեմբերին։
«Պետք է բովանդակային քննարկում անցկացնել` հանելով ապատեղեկատվության շղարշը։ Մեզ կարևոր է հասկանալ, թե ինչ գործիքներ է տալիս Ստամբուլյան կոնվենցիան և ինչ նպատակի է ուղղված։ Ընտանիքում բռնության կանխարգելումն առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ցանկացած հասարակության, ինչպես նաև Հայաստանի համար։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մենք պատշաճ մեխանիզմներ ունենանք, կլինի դա Ստամբուլյան կոնվենցիա, թե ներպետական օրենսդրություն»,– նշեց ՄԻՊ–ը։
Նա ընդգծեց, որ շատ դեպքերում թե Ստամբուլյան կոնվենցիայի, թե ընդհանրապես ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերի հետ կապված մարդիկ ոչ պատշաճ տեղեկություններ են ստանում։ Դրա հետևանքով քննարկվում են ոչ թե բովանդակային, այլ ավելի ֆորմալ և ապատեղեկատվության շրջանակներում ընդգրկված հարցերը։ Մանասյանը վստահ է` երևույթը պետք է պատշաճ հասցեավորել։
Ճշտող հարցին, արդյոք ինքը կողմ է, որպեսզի Հայաստանը վավերացնի այդ կոնվենցիան ընտանիքում բռնությունը կանխարգելելու համար, Մանասյանը շեշտեց` կողմ է, որպեսզի պատշաճ իրավական գործիքակազմ կիրառվի` երևույթը հասցեավորելու համար։