Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը աղետ կդառնա. ռուս քաղաքագետ

Ալեքսեյ Մուխին
Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայերին դուրս չի մղի Լեռնային Ղարաբաղից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը, եթե դա տեղի ունենա, սարսափելի աղետ կդառնա։Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մուլտիմեդիա հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ. Սիլաև
Փորձագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ցավալիորեն և կասկածելիորեն հիշեցնում է 2014-2016 թվականների իրավիճակը Դոնբասում, երբ ուկրաինական իշխանությունը մի կողմից Մինսկի բանակցություններում խոսում էր Դոնբասի պաշտոնական կառույցների հետ, մյուս կողմից՝ տեղում ամեն կերպ անտեսում էր դրանք: Բաքվի իշխանությունը (Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու սցենարի դեպքում – խմբ.) անտեսելու են Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մարմինները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Ադրբեջանական ղեկավարությունը ճնշելու է հայերին Հայաստանի տարածք դուրս բերելու համար, իմ կարծիքով, սարսափելի դիսոնանս կառաջանա։ Չէ՞ որ պետք է հասկանալ, որ ղարաբաղցիները շատ ռազմատենչ ժողովուրդ են ու կապված են իրենց հողին։ Պարտադրանքով ելքը աղետալի կլինի», - ասել է Մուխինը։
Փորձագետ, «Նորագույն պետությունների կենտրոնի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նույնպես կարծում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ հայերի զանգվածային արտագաղթ չի լինի իրենց հայրենի հողերից:
«Կան տեղական ավանդույթներ, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Եվ այն բանից հետո, երբ բոլորը սկսեցին բրիտանական կոստյումներ ու ֆրանսիական փողկապներ հագնել, ոչինչ չփոխվեց։ Եվ եթե Եվրամիությունից ինչ-որ երաշխիքներ ակնկալենք, նրանք իրենց սեփականը չեն կարող երաշխավորել», - ասել է Մարտինովը՝ կոչ անելով հաշվի նստել այն մարդկանց անհանգստության հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք բազմիցս զենքը ձեռքին պաշտպանել են իրենց հողը։