Ֆեյքերը տեղափոխվել են. ինչով է զբաղվում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում զարգացվելու է «հաղորդակցության ռազմավարությունը», որի համար գործի է դրվելու ՊՈԱԿ–ի ներուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ում վերջին տարիներին պարբերաբար կրճատումներ են արվել, ինչը բացասաբար է ազդել հաղորդակցությունների որակի վրա։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով ՊՈԱԿ–ին հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցին` Հարությունյանը նշեց, որ տեխնիկական վերազինման համար նախորդ տարի տրամադրվել է 18 և 9 միլիոն դրամ, այն դեպքում, երբ երկար ժամանակ վերազինում չէր արվել։
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների «Ֆեյքերի գործարան» բնորոշմանը` Հարությունյանը նշեց` եթե նախկինում ՊՈԱԿ–ը նման նպատակով էր օգտագործվում, հիմա այդ նպատակով չի գործում։
«Երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար, հարցրի` քանի՞ ֆեյք ունեք, պարզվեց` 0, որովհետև բոլոր ֆեյքերը, ֆեյքապահները տեղափոխվել են այլ դաշտ»,– ասաց Հարությունյանը` չպարզաբանելով, թե ուր են գնացել ֆեյքերը։
Նրա խոսքով` հիմա լուրջ քննարկումներ են իրականացնում ՊՈԱԿ–ի աշխատանքը բարեփոխելու համար, հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում առանձնացրել են «հաղորդակցության ռազմավարություն» ուղղությունը, ՊՈԱԿ–ն իր ներուժով կարևոր դեր ունի այստեղ։
«Ես շատ ցավում եմ, որ նման տենդենցը շարունակվում է ՊՈԱԿ–ի նկատմամբ` ոչ ճշգրիտ տեղեկություններ տարածելը»,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով` ՊՈԱԿ–ի աշխատակիցները հաջողությամբ գործակցում են թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, արևմուտքի և մյուս միջազգային գործընկերների հետ։
«ՊՈԱԿ–ը և աշխատակազմը հիմա շատ ինտենսիվ աշխատում են ֆեյք տեղեկությունների դեմ պայքարի ռազմավարության վրա։ Կարծում եմ` ՊՈԱԿ–ին թիրախավորելը նաև այդ պատճառով է, որովհետև մեր ընդդիմախոսները հիմնականում փորձում են մեր դեմ պայքարել ֆեյք նորությունների միջոցով»,– հավելեց Հարությունյանը։
Հիշեցնենք` «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը ստեղծվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին և ներառվել ՀՀ նախագահի աշխատակազմում։ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ` ՀՀ կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է՝ միանալով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ին։ Խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո վերակազմավորված Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը սկսել է գործել ՀՀ կառավարության, իսկ այնուհետև` ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո։ Այսօր ՊՈԱԿ–ն ունի ավելի քան 150 աշխատակից։