ԵՄ–ն նախատեսում է Սյունիքում երկու Քոաֆ սմարթ կենտրոն հիմնել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը կարևորել է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եվրամիությունը նախատեսում է Սյունիքի մարզում երկու Քոաֆ սմարթ կենտրոն հիմնել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այդ մասին հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը։
«Կարևորելով ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը` Վիկտորինը շեշտել է՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ժաննա Անդրեասյանն էլ անդրադարձել է «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրին, որի շրջանակում նաև Տավուշի մարզի դպրոցներն են ստացել լաբորատոր սարքավորումներ և գույք։ Նախարարը կարևորել է նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ առանձնացնելով դրա «Մշակույթ» ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ որպես Եվրոպայի մշակութային ժառանգության մաս։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
ԿԳՄՍ նախարարն էլ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրիրը՝ ընդգծելով, որ դրա հետևանքով խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ սահմանված հավակնոտ թիրախների իրագործման նպատակով:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրում Քոաֆ սմարթ կենտրոն կկառուցի