ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 16-ամյա պատանուն ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձերբակալվել է, որպեսզի մեղադրանքը դատարան ներկայացվի։ Միջնորդություն է պատրաստվում կալանքը որպես խափանման միջոց ներկայացնելու համար»,– նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։