ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այն երեխաները, որոնց մոտ քաղցկեղի առաջացման բարձր ռիսկեր կան, այսուհետ կկարողանան Երևանում սքրինինգային ծրագրեր անցնել, ինչը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղը և հիվանդությունը բուժել վաղ փուլում։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր կայացավ Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկայի բացումը։
Մի քանի տարի առաջ 13–ամյա Կարինեի մոտ հայտնաբերեցին սուր լեյկոզ։ Նրան հարկավոր էր ոսկրածուծի շտապ փոխպատվաստում։ Անհրաժեշտ գումարը բարերարների ու հարազատների միջոցով հավաքվեց, բայց երեխայի վիճակը, ցավոք, չկայունացավ, ու նրան չկարողացան տեղափոխել արտերկիր։ Երեխայի մահից հետո նրա ծնողներն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը որոշեցին գումարը փոխանցել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին «Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա» բացելու համար, որը հենց Կարինայի անունով անվանակոչվեց։
«Ուրիշ ոչ մի տարբերակ չի էլ քննարկվել, մենք այդ գումարը պետք է այս գործին ուղղեինք, որ գոնե մի երեխայի կյանք փրկվի»,– ասաց Կարինայի հայրը` Հայկազ Պետրոսյանը։
Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա
© Sputnik / Aram Nersesyan
Երեխաների ու նրանց ընտանիքի անդամների հիվանդությունների պատմությունները ուսումնասիրելով, հաշվի առնելով նաև նրանց առողջական վիճակը` երեխաներն անհրաժեշտության դեպքում գենետիկ հետազոտություն կանցնեն նորաբաց կենտրոնում։
«Առաջին հերթին կհետազոտվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկահասակ բուժառուները, եթե նրանց մոտ հայտնաբերվեն կլինիկական որոշ ախտանիշներ կամ ընտանեկան պատմության առանձնահատկություններ, որոնք կարող են ենթադրել քաղցկեղային նախատրամադրվածություն, կանցնեն սքրինինգային ծրագիրը։ Մեզ նաև կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն քաղցկեղային ընտանեկան պատմություն»,– ասաց ուռուցքաբան, հանրային առողջության մասնագետ Նունե Կարապետյանը։
Նունե Կարապետյան
© Sputnik / Aram Nersesyan
Մասնագետները ծրագրում են հետագայում համագործակցել նաև մանկական այլ հիվանդանոցների հետ` շահառուների ավելի լայն շրջանակ ունենալու համար։
Հետազոտությունները, որոնք իրականացվելու են պետպատվերի շրջանակում, կսկսվեն սեպտեմբերից։