Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը չի մասնավորեցվի. կառավարությունն այն հանում է ցանկից

Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։
12.5 մլրդ եք տվել, ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի համար. Պապոյանը` ԿԳՄՍ նախարարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հայտնեց, որ մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։
«Մենք այս պահին մեր հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը 2 հնարավորություն ունենք երկրում. Դա Ծաղկաձորի մարզաբազան է և «Օլիմպավանը», որոնք երկորսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ»,– ասաց Անդրեասյանը։
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:
Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Ֆանանսների նախարար Վահե Գրիգորյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։
Մարզահամալիրը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու համար նախագիծը դեռ պետք է արժանանա նաև Աժ–ի հավանությանը։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։