ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը կրծքագեղձի սքրինինգային ծրագրի շրջանակում կշարունակի կրծքագեղձի քաղցկեղը բացահայտող անվճար հետազոտման ծրագիր իրականացնել արդեն Շիրակի մարզում, որտեղ կգործի շարժական մամոգրաֆիկ ծառայություն։ Ազգային ժողովում առողջապահության նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։
«Կրծքագեղձի սքրինինգի ծրագիրը բավականին հաջող է իրականացվում, մեր շարժական մամոգրաֆն այժմ գտնվում է Սյունիքի մարզում, ծրագիրը շարունակական է լինելու»,- նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում Երևանում և Վանաձորում մամոգրաֆիայի ծառայությունների մատուցման լրացուցիչ կետեր բացելու ուղղությամբ։
Ավանեսյանը պարզաբանեց, որ սքրինինգային ծրագիրը լինելու է առողջապահական ապահովագրության համակարգի կարևոր մասը (պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կներդրվի մինչև 2027 թվականը)։
Շարժական մամոգրաֆիայի ծրագրի շրջանակում 2023 թվականի փետրվարի դրությամբ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անվճար հետազոտվել է ավելի քան 17000 կին, որոնցից 1%-ի (170 կնոջ) մոտ վաղ փուլում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։