Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ
ՀՀ վարչապետը նշել է՝ ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով այդ պատերազմում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին։
«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է՝ թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը:
Նշենք, որ հարցազրույցի տեսագրությունն ու ամբողջական սղագրությունը վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է այսօր՝ հունիսի 1-ին։