Քննարկել ենք նաև «Խաղաղության պայմանագրի» հարցը. Միշելը` հնգակողմ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել
Այս հանդիպումը նախապատրաստություն է դարձել մոտ երկու ամսից սպասվող բրյուսելյան հաջորդ եռակողմ ձևաչափի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակցությունները բնորոշել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա նշել է, որ այս հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք մայիսի 14-ին քննարկել էին Բրյուսելում։
«Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղության պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Միշելը նաև հայտնել է, որ նույն մասնակիցներով հնգակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Իսպանիայում։
Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում կայացել է հնգակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ ու կես։ Հնգակողմ հանդիպումից առաջ մոտ 10 րոպե տևողությամբ կարճատև եռակողմ հանդիպում է անցկացվել` Փաշինյան–Միշել–Ալիև ձևաչափով։
ԱՄՆ–ն հայ ժողովրդին օգնելու ոչ մի շահ չունի, ԱՄՆ–ի շահերն Ադրբեջանում են. Խաչիկյան
ՀՀ կառավարությունը որոշ մանրամասներ է հայտնել բանակցություններից` նշելով, որ քննարկվել են տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիներին վերաբերող հարցեր։
Կառավարությունից հաստատել են, որ հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը Բրյուսելում։