ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik, Միխայիլ Վորոբյով. ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին անցած շաբաթ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Ռուսաստանից և Չինաստանից էներգետիկ ավելի մեծ անկախության հասնելու համար։
Ինչու են փորձագետները կասկածում այս գաղափարն իրագործելու Նահանգների կարողությանը և Հայաստանի համար ինչ բացասական ռիսկեր կարող է ստեղծել Վաշինգտոնը՝ Sputnik-ի հոդվածում։
Զրոն զրո է
ՌԴ Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը Sputnik-ի թղթակցին պատմեց, որ ԱՄՆ-ում չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ Հայաստանում հնարավոր լինի փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել։
Ֆրոլովի կարծիքով՝ հիմա ամերիկացիները «վազվզում են աշխարհով մեկ» և տարբեր երկրների հետ հռչակագրեր են ստորագրում, որպեսզի պարզապես նախագծերի շարք հավաքեն, հետո գնան բանկ և գումար խնդրեն փոքր մոդուլների մշակման համար:
«Այսինքն՝ նրանք օդ են վաճառում, նրանք ընդհանրապես չունեն այդ տեխնոլոգիաները»,-նշում է փորձագետը։
Այս առումով նա կարծում է, որ ներկայումս ամերիկյան տեխնոլոգիաների անվտանգության մասին խոսելն անիմաստ է։
«Զրոն զրո է։ Նույնն է, ինչ քննարկել մի ավտոմեքենայի անվտանգությունը, որի մշակումը դեռ չեն էլ սկսել։ Այնքան հեռու հեռանկար է։ Գուցե տասը տարի հետո ինչ-որ այդպիսի մշակում լինի»,-պարզաբանեց Ալեքսանդր Ֆրոլովը։
Կատուն պարկի մեջ
Արդյո՞ք ամերիկացիներն առհասարակ կարող են հուսալի մոդուլային ատոմակայան առաջարկել՝ հնարավոր կլինի հասկանալ միայն այն դեպքում, եթե նրանք, այնուամենայնիվ, որևէ տեղ կառուցեն այն և մի քանի տարի շահագործեն։ Sputnik-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց «Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտ» հիմնադրամի տնտեսական վարչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոնդրատևը:
«Եվ սովորաբար համաշխարհային պրակտիկայում առաջին էներգաբլոկի տեղն ընտրվում է արտադրող երկրում, քանի որ շատ դժվար է օտարերկրյա գնորդին համոզել, որ նա ձեզնից գնի առաջին էներգաբլոկը։ Մասամբ դա ամեն դեպքում պարկով կատու գնել է»,-պատմեց նա։
Բացի այդ, հարկ է հիշել, որ Հայաստանը պատկանում է տեխնիկական բարձր վտանգ ունեցող գոտիների թվին, և այստեղ կարգավորողի պահանջները պետք է շատ լուրջ լինեն:
«Դժվար է պատկերացնել, որ բոլորովին նոր տեխնոլոգիան՝ չփորձարկված ու չստուգված, սկսեն իրականացնել նման բարդ սեյսմիկ պայմաններում»,-հավելեց փորձագետը:
Ռիսկային փորձարկում
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ճառագայթահարված միջուկային վառելիքը թափոն է, որը ենթակա չէ ոչ վերամշակման, ոչ էլ այդ երկրի տարածք տեղափոխման: Հետևաբար դրա պահեստարանը Հայաստանը ստիպված կլինի ինքնուրույն կառուցել, Sputnik-ի թղթակցի հետ զրույցում նկատեց «Геоэнергетика.INFO» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը։
«Ամերիկյան որևէ ընկերության հետ համաձայնագիր ստորագրելով՝ Հայաստանի կառավարությունը պետք է իրեն հաշիվ տա, որ իրենց երկիրը պարտավորվելու է ներդրումներ կատարել վերամշակման և պահպանման տեխնոլոգիաների մշակման մեջ և, բացի այդ, պետք է կարողանա ՄԱԳԱՏԷ-ին ապացուցել, որ Հայաստանն ի վիճակի է նման տեխնոլոգիաներ մշակել» - ընդգծեց նա:
Հաշվի առնելով Հայաստանի գիտատեխնիկական դպրոցի վիճակը՝ ամերիկյան մասնավոր ընկերությունների հետ պայմանագրի ստորագրումը ռիսկային կլինի, կարծում է փորձագետը։
Դեպի Ռուսաստան՝ փորձի հետևից
ԱՄՆ-ն ավանդաբար սովորական դասական միջուկային ռեակտորներ է կառուցել և հիմնականում դրանց հետ է աշխատել, Sputnik-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը։
«Երբ մենք խոսում ենք կոմպակտ փոքր ռեակտորների մասին, ապա այստեղ որոշակի փորձ ունի միայն Ռուսաստանը։ Մենք նման ռեակտորներ ենք կառուցել ատոմային սառցահատների, ատոմային նավերի համար։ Այդ թվում այնտեղ եղել են ռազմանավեր և լողացող ատոմակայաններ։ Օրինակ՝ «Ակադեմիկոս Լոմոնոսով» նավը»,-ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ նույն ռեակտորը, որը ՌԴ-ում դրել են սառցահատի վրա, կարելի է տեղադրել ցամաքում, և այն կաշխատի։ «Նման ռեակտոր տեղադրում եք ոչ մեծ քաղաքի մոտ և վերջ, բնակավայրը մի քանի տարի ինքնավար սնուցվում է էլեկտրաէներգիայով», – եզրափակեց Յուշկովը: