Մինսկը Երևանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկո

Բելառուսի առաջնորդը համոզված է, որ կառավարման հարուստ փորձը Հայաստանի վարչապետին թույլ կտա այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Մինսկն ակնկալում է, որ Երևանի հետ կառուցողական երկխոսությունը կշարունակվի համապարփակ գործընկերության զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ Փաշինյանը նշում է ծննդյան օրը:
«Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակություն է ակնկալում` ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում սերտ փոխգործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը»,-նշված է Բելառուսի նախագահի կայքում հրապարակված ուղերձում:
Լուկաշենկոն համոզված է, որ Փաշինյանի կառավարման հարուստ փորձը, պետական խնդիրների լուծմանը նրա մասնագիտական մոտեցումը թույլ կտան հետագայում ևս հաջողությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել նախանշված բոլոր նպատակներին` ի շահ հայ ժողովրդի:
Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը
Բելառուսի նախագահը Հայաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և համերաշխություն: