ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից թմրանյութ կամ հոգեմետ դեղեր օգտագործելու առնչությամբ 2022-2023 թթ․ կտրվածքով 6 քրեական վարույթ կա, նման անձանց պետք է «ֆիլտրել» ատեստավորման միջոցով։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավելի վաղ նա կառավարության նիստում նշել էր, որ ոստիկանները պետք է ատեստավորվեն և բուժզննում անցնեն, որպեսզի պարզ դառնա` արդյոք նրանց շարքերում կան հոգեմետ դեղեր, թմրամիջոցներ օգտագործող ծառայողներ, թե ոչ։
«Չեմ ասում, թե մտավախություն կա, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի ոստիկաններ, որոնք կկարողանան ճիշտ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, ապա պետք է մի քանի կրիտերիա շատ հստակ սահմանված լինի։ 2022 թվականին 10 ծառայողական քննություն ենք ունեցել, որից հետո 10 ծառայող աշխատանքից ազատվել է թմրանյութ օգտագործելու համար։ 2022-2023 թթ․ կտրվածքով արդեն 6 քրեական վարույթ ունենք քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ։ Համարում ենք, որ ատեստացիայի միջոցով կկարողանանք համակարգն այս ֆիլտրի միջով անցկացնել և թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կատարում են իրենց պարտականությունները»,- նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նաև պետք է հավուր պատշաճի աշխատավարձ տալ, քանի որ, օրինակ, ոստիկանության զորքերի ծառայողների աշխատավարձը, սոցիալական երաշխիքը բավականին ցածր է։ Սարգսյանը հենց այդ պահին էլ դիմեց կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկաններին և կոչ արեց լավ պատրաստվել ատեստավորմանը, և ամեն ինչ լավ կլինի։
Այն ոստիկանները, որոնք չկարողանան անցնել ատեստավորումը, ապա նախատեսված է վերապատրաստում այդ ծառայողների համար, որպեսզի կարողանան պատշաճ կերպով անցնել այն։ Ատեստացիան «գերազանց» հանձնելու դեպքում նրանց վարձատրությունը կրկնակի կավելանա, «լավ»-ի դեպքում կբարձրանա շուրջ 75 տոկոսով, իսկ «բավարար»–ի պարագայում՝ 50 տոկոսով։