Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. արտգործնախարար Աբդոլլահիանը ժամկետներ է նշել

Իրանը հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ կդառնա: Տեղեկությունը հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին վերջնականապես կամրագրվի հունիսի 22–ից հուլիսի 22–ն ընկած ժամանակահատվածում։ ՇՀԿ-ի հիմքը կազմող երկրների խորհրդարանների վերջին որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ Ղրղզստանի խորհրդարանում, ուստի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ կհայտարարվի այն մասին, որ Իրանը վերջնականապես դարձել է ՇՀԿ-ի մշտական անդամ», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է Nour News գործակալությունը:

Իրանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Սամարղանդում հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին, իսկ նոյեմբերի 27-ին Ազգային խորհրդարանն ընդունել է կազմակերպությանը Իրանի անդամակցության մասին օրինագիծը։
Ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր ազգային արժույթի մասին. Լավրովը` ՇՀԿ–ում
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: