ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում հայկական ապրանքների ծավալները մեծանում են և անգամ փոխարինում նախկինում ներմուծվող եվրոպական ապրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի և Mediahub-ի թղթակիցներին տված հարցազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների արտահանման հետ կապված հնարավոր է` լինեն փոփոխություններ, որովհետև հաշվի է առնվելու այն, որ այդ ապրանքները պատժամիջոցների տակ են»,– ասաց պատգամավորը։
Սուքիասյանը նշեց, որ որպես եվրասիական հարթակ՝ ԵԱՏՄ–ն ինտեգրացիան պետք է ավելի մեծացնի, իսկ անդամ երկրների տնտեսություններն էլ ավելի փոխկապակցված պետք է լինեն։
«Ինչի համար էր ստեղծվում տնտեսական այդ հարթակը. այն ստեղծվում էր, որպեսզի արդյունավետ լինի և՛ մեր, և՛ միության անդամ մյուս երկրների համար։ Օրինակ` ռելոկանտների մեր երկիր գալով ունեցել ենք եկամտահարկի մասով ավելացումներ` հատկապես գրանցված կազմակերպությունների մասով։ Անհատները շատ ավելի քիչ գումարներ են վճարում»,– նշեց նա։
Ըստ Սուքիասյանի` եթե շատ ապրանքներ պատժամիջոցների պատճառով դուրս են եկել ՌԴ շուկայից, ապա դրանց փոխարինել է եվրասիական շուկայի արտադրանքը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5 միլիարդ 267 միլիոն դոլար, ինչը 92,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար, ինչը 2,8 անգամ գերազանցում է 2021թ-ի ցուցանիշը։ Ներմուծումը եղել է 2,7 մլրդ դոլարի սահմաններում, ինչը 49%-ով ավելի է, քան 2021թ.-ին։