ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի երաշխավոր դառնալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բոլոր կենտրոնները, որտեղ բանակցություններ են տեղի ունենում, պատրաստակամություն են հայտնել և պատրաստ են երաշխավոր լինել։ Այլ հարց է, թե ինչ մենք կստանանք։ Կարևոր է, որպեսզի լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ կլինի ձեռք բերվելիք պայմանավորվածությանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի բավարարում ինձ, վստահ եմ, որ ՀՀ ժողովրդին նույնպես՝ թե՛ մեր գործընկերների հայտարարությունների, թե՛ պահվածքի առումով»,- նշեց Սիմոնյանը։
Պարզաբանող հարցին` արդյոք Ռուսաստանը նկատի ունի, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց, բացատրելով, որ խոսքը երաշխավորման մեխանիզմների ավելի հստակ և պարզ ձևակերպման մասին է։
Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փորձը և անցյալ սխալները չեն կրկնվի։
Հարցին, թե ինչ երաշխքիներ կան, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը ՀՀ տարածքից, Սիմոնյանը նշեց՝ Հայաստանն էլ դուրս չի գա այն տարածքից, որտեղ հիմա հայկական զորքերն են կանգնած։
Լրագրողի դիտարկմանը` արդյոք խոսքը ԵԱՀԿ-ի օրինակով միջազգային ձևաչափի մասին է, ԱԺ խոսնակը հավելեց՝ իր կարծիքով` ավելի լավ կլիներ, եթե երաշխավորը լինի մեկ երկիր։
«Մենք տեսել ենք, երբ մի քանի երկիր է ներգրավված լինում, միշտ կա՛մ իրար մեջ հակասություն է լինում, ինչը խանգարում է արդյունավետ աշխատանքին, կա՛մ մեկը մյուսի վրա գցելու տարբերակով հնարավոր է լինում խուսափել»,- ասաց նա։
Այս համատեքստում Սիմոնյանը ՀԱՊԿ-ի օրինակ բերեց, որտեղ որոշումները կայացվում են ընդհանուր կոնսենսուսի միջոցով։ Նրա խոսքով՝ ակնհայտ է Ռուսաստանի իշխանությունը, բայց միշտ չէ, որ որոշումներ կայացնելիս, հայտարարություններ կամ գործողություններ անելիս նա է դեր խաղում։
«Այդ պատճառով լավ կլիներ, որպեսզի մեկ երկիր լիներ։ Դա կարող է լինել Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, բայց լինի մեկը՝ հստակ մեխանիզմներով»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է հստակ ֆիքսել, թե ինչպես է գործելու գործընկերը էթնիկ զտումների կամ կրակոցների ժամանակ` կո՞չ է անելու կողմերին զուսպ մնալ կամ գուցե ձևացնելու է, որ ոչինչ տեղի չի ունենում ու փոխելո՞ւ է մի գեներալին մյուսով։ Սա, ըստ նրա, ծիծաղելի է և բարկացնող։ Ըստ ԱԺ խոսնակի՝ այդ մեխանիզմն արդեն փորձել են ու հասկացել են՝ այն չի աշխատում։