ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում հունիսի 1-15-ը կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Դրանք պատրաստվել են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաները»,- ասված է հաղորդագրությունում։
Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար։
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այս օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան: