ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եղբորը` Մուստաֆա Էրդողանին 259 հազար դոլար է պարտք։ Ըստ թուրքական ԶԼՄ–ների` նա հրապարակել է իր գույքի հայտարարագիրը։
Թուրքիայի նախագահը բնակարան ունի Ստամբուլում և ոչ մեծ հողատարածք Սև ծովի ափին։
Նա հայտարարագրել է 86 հազար դոլարին համարժեք թուրքական լիրա։
Նշենք, որ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվում Էրդողանի ունեցվածքը` պալատները, ինչպես նաև նրա կնոջ «սերը» ֆրանսիական թանկարժեք ապրանքանիշների նկատմամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն` Էմինե Էրդողանն ունի ֆրանսիական բրենդային պայուսակների մի ամբողջ հավաքածու, յուրաքանչյուրի արժեքը` մոտ 50 հազար դոլար։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Էրդողանի երդմնակալության արարողությունը հավանաբար կկայանա հունիսի 3-ին։