Էրդողանը ձայների 52% - ով վերընտրվել է նախագահի պաշտոնում. վերջնական արդյունքներ

Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը հրավիրված օտարերկրյա առաջնորդների ցուցակը դեռ վերջնականապես ձևավորված չէ, ճշտումներ են ընթանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքների համաձայն` Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 52 տոկոսը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Յեները:
«Մենք մշակել ենք մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ բոլոր բողոքները և ամփոփել արդյունքները. Էրդողանի օգտին քվեարկել է 52,18, Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 47,82 տոկոսը»,-հայտարարել է Յեները մամուլի ասուլիսի ժամանակ:
Մասնակցությունը կազմել է 84,15 տոկոս, արտասահմանյան ներկայացուցչություններում և սահմանային կետերում՝ 56 տոկոս։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում և արտերկրում քվեարկել են ավելի քան 54 միլիոն քաղաքացի, որոնցից 27,8 միլիոնը աջակցել է Էրդողանին, իսկ 25,4 միլիոնը՝ Քըլըչդարօղլուին:
Էրդողանի երդմնակալությանը ՌԴ-ից կմասնակցի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը հրավիրված օտարերկրյա առաջնորդների ցուցակը դեռ վերջնականապես ձևավորված չէ, ճշտումներ են ընթանում: