Դիլիջանում 16-ամյա տղային ծեծած քրեականի պետը զղջացել է. քրեական հետապնդում չի հարուցվի

Քրեականի պետը հյուրանոցում համար է պատվիրել, և նրան դուր չի եկել, երբ մատուցողն ասել է, որ դրա համար պետք է վճարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 16-ամյա տղային ծեծի ենթարկելու համար Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի զղջալու հիմքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` նշելով, որ Ա․ Ղ․-ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։
«2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`գործուն զղջալու (այսինքն` ոչ ռեաբիլիտացնող) հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,– նշեց Աբրահամյանը։
Նա նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։ Քաղաքացու հաղորդումը դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ֆիզիկական ներգործություն անչափահասի նկատմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։
16-ամյա երիտասարդը, որը ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։
ՔԿ–ից հայտնում են, որ արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. ձերբակալվածներ կան
Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Հիշեցնենք, որ Armlur.am–ը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով հարվածներ հասցնում մի պատանու։ Կայքը հայտնել էր, որ կադրերում Դիլիջան քաղաքի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի է ենթարկում 16-ամյա մատուցողին։
Ըստ տեղեկությունների` քրեականի պետը հյուրանոցում համար է պատվիրել, իսկ երբ մատուցողն ասել է` պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, գումարի շուրջ խոսակցություն է սկսվել, ինչից հետո էլ տղամարդը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Երևանի կենտրոնում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք. հնչել է կրակոց