Դիլիջանում 16-ամյա տղային ծեծած պաշտոնյայի նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Ըստ տեղեկությունների` Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ, հնարավոր է, քրեական հետապնդում հարուցվի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեմ է զղջման հիմքով քրեական հետապնդում չհարուցելու որոշմանը։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով:
Ուստի մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`գործուն զղջալու (այսինքն` ոչ ռեաբիլիտացնող) հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է։
Հիշեցնենք` Armlur.am–ը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով հարվածներ հասցնում մի պատանու։ Կայքը հայտնել էր, որ կադրերում Դիլիջան քաղաքի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի է ենթարկում 16-ամյա մատուցողին։
Ըստ տեղեկությունների` Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են։