Դիլիջանում 16-ամյա տղային ծեծած պաշտոնյայի լիազորությունները դադարեցվել են. ոստիկանություն

ՀՀ ոստիկանություն
Դեռ ապրիլի 14-ին սկսված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 16-ամյա պատանուն ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է դեռ մայիսի 5-ին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությունը։
«Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Ծառայողական քննությունը շարունակվում է»,– տեղեկացնում են ոստիկանությունից։
Հավելենք, որ ծառայողական քննությունը ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր դեռ ապրիլի 14-ին։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով:
Ուստի մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`գործուն զղջալու (այսինքն` ոչ ռեաբիլիտացնող) հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեմ է հսկող դատախազի որոշմանը և բեկանել է այն։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։
Հիշեցնենք` Armlur.am–ը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով հարվածներ հասցնում մի պատանու։ Կայքը հայտնել էր, որ կադրերում Դիլիջան քաղաքի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի է ենթարկում 16-ամյա մատուցողին։