ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը 110 մլն դրամ արժողությամբ համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
ՀՀ արդարադատության նախարարությունից, թերթին պարզաբանել են, որ դրանք էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են, որոնք նախատեսված են պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք և վարչական հսկողություն իրականացնելու համար:
Նախարարությունից պարզաբանել են նաև, որ սարքերը ձեռք են բերվել լեհական կազմակերպությունից։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը և դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներ և դրանց համապատասխան ծրագրային ապահովում էր ձեռք բերել նաև այս տարվա սկզբում։