ԱՊՀ-ն աննախադեպ մարտահրավերների է բախվել. ՌԴ ԱԴԾ ղեկավար

ՌԴ ԱԴԾ ղեկավարը նշել է, որ արևմտյան պետությունները փորձում են ոչնչացնել ԱՊՀ ժողովուրդների միջև առևտրատնտեսական, մշակութային և պատմական կապերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՊՀ-ն աննախադեպ մարտահրավերների և սպառնալիքների է բախվել։ Belta-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այս մասին հայտարարել է Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Աշխարհը հայտնվել է արմատական վերափոխման շեմին, իսկ Անկախ Պետությունների Համագործակցությունը բախվել է իր ծավալով աննախադեպ մարտահրավերների և սպառնալիքների։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ում դրա դաշնակիցները բացահայտորեն հետխորհրդային տարածքի վերաինտեգրման և մեր պետությունների ազգային ինքնիշխանության փաստացի վերացման քաղաքականություն են վարում։ Վաշինգտոնն ու Լոնդոնն ուղիղ միջամտություն են իրականացնում ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերին», - ասել է Բորտնիկովը։
Նա նշել է, որ արևմտյան պետությունները փորձում են ոչնչացնել ԱՊՀ ժողովուրդների միջև առևտրատնտեսական, մշակութային և պատմական կապերը:
«Արևմուտքի կողմից պատժամիջոցների ռեժիմի մոնիթորինգի գործիքների ներդրումն իրականում նպատակ է հետապնդում տոտալ և երկարաժամկետ վերահսկողություն հաստատել Համագործակցության տարածքում միջպետական և ներքին ֆինանսական հոսքերի նկատմամբ», - ասել է ԱԴԾ տնօրենը:
ԱՊՀ-ի շուրջ իրադրությունը կշարունակի սրվել. Լուկաշենկո
Հունիսի 1-ին Մինսկում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: