ԱՊՀ-ի շուրջ իրադրությունը կշարունակի սրվել. Լուկաշենկո

Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ԱՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը` մատնանշելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմականացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն ավելի է սրվում և շարունակելու է սրվել։ Այս մասին, ինչպես փոխանցում է belta-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, Բելառուսը, Կենտրոնական Ասիայի պետությունները շրջապատող խոշոր խաղացողները կամաց-կամաց փորձում են մեզ մասնատել։ Մենք դա չպետք է թույլ տանք։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների աճող ռազմականացում և զորքերի աննախադեպ կենտրոնացում մեր ընդհանուր տարածքի մոտ, հակամարտությունների հրահրում»,-ասել է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ այսօրվա դրությամբ առանցքային սպառնալիքներից մեկը տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունն է, ակնհայտ կեղծ, ֆեյք տեղեկատվության տարածումը։ Այդպիսի գործողությունների նպատակը միջազգային ասպարեզում պետությունների հեղինակությունը խաթարելն է։ Ֆեյքերի տակ, նշել է Բելառուսի առաջնորդը, երբեմն անցկացնում են վտանգավոր, ագրեսիվ գործողություններ։
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանել են Լուկաշենկոյի հետ հանդիպմանը
Լուկաշենկոն ընդգծել է, որ Արևմուտքի փաստացի տեղեկատվական մենաշնորհը, մասնավորապես` ինտերնետի, հիմնական սոցիալական ցանցերի և միջազգային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը, միայն նպաստում են դրան։
Նշենք` Մինսկում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: