ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտահանման կենտրոնի (ՌԱԿ) խումբն աջակցել է, որ 2022 թվականին ավելի քան 94 միլիոն դոլարի ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանք արտահանվի Հայաստան։ Երևանում կազմակերպված «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածքում» համաժողովի ժամանակ այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։
«Հաշվի առնելով մեր արտահանողների աճող հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ՝ մենք ուժեղացրել ենք ՌԱԿ խմբի արտասահմանյան ցանցի գործունեությունը Հայաստանում։ Նախորդ տարի մենք աջակցել ենք շուրջ 300 արտահանողների, այդ թվում՝ նրանց 19 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն ենք տրամադրել։ Կարծում ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության ներուժը դեռևս լիովին բացահայտված չէ, և կաշխատենք ընդլայնել մեր փոխգործակցությունը և ավելացնել ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում»,- ասել է Ենոքյանը։
ՌԱԿ-ի ներկայացուցիչն ավելացրել է, որ կենտրոնը 2022 թվականից զբաղվում է ոչ միայն Հայաստանում ռուսական ընկերությունների, այլև Ռուսաստանում հայկական ընկերությունների տնտեսական ակտիվության աջակցությամբ։