«Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ, որը սակայն դրական ցուցանիշ է». Սասուն Խաչատրյան

Սասուն Խաչատրյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` իրավական վիճակագրության մեջ կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, սակայն դա դրական ցուցանիշ է, քանի որ բացահայտումներն են շատացել։ Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` իրավական վիճակագրության մեջ կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։
Խաչատրյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտե, գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում եռաստիճան մասնագիտացված կոռուպցիոն գործերի քննության դատարանների ստեղծումը։
ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
«Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ»,–ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Ըստ նրա` իրենց աշխատանքի հիմնական նպատակն այն է, որ հանրության մոտ ձևավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում։ Իսկ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։
Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան