«Team» ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական «SkyTel»-ի 30%-ը

Նշվում է, որ այս գործարքը Հայաստանն էլ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու ռազմավարական քայլերից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Team» ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ «SkyTel»-ի 30% բաժնեմասը: Տեղեկությունը հայտնում է «Team»–ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Այս գործարքով «Team» ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք ստեղծել խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Team» ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշել է, որ սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցության ու առկա պոտենցիալի մեծացման համար։
«Այս գործարքը Հայաստանն էլ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,–նշել է նա։
«SkyTel»-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին իր հերթին նշել է, որ ձեռք է բերել փորձառու և ուժեղ գործընկեր:
«Մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի ևս 220-400 բնակավայրերում»,- նշել է նա։
«SkyTel»-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC), Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ «SkyTel»-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։ Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ և IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ: