ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ներքին որևէ վտանգ չկա, բոլոր հնարավոր սպառնալիքներն արտաքին են։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ այդ սպառնալիքներն ակնհայտ են և բոլորին տեսանելի։
«Կարևոր է, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապացուցել և պատասխանել Հայաստանում «ամենաթանձր» հարցին, որն առկա է հանրության շրջանում՝ արդյոք ժողովդրավարությունն ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։ Սա հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք։ Դա դեռ պետք է ապացուցել»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ Հայաստանում համացանցը, մամուլը և ընտրություներն ազատ են և դա անվանեց ոչ թե ձեռքբերում, այլ առօրեականություն։ Նրա խոսքով՝ երբ 2018 թվականին տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», շատերը կարծում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն ուղղակի չէր տեսնում խոսքի ազատության սահմանափակման անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ հաջորդ իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում, և 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ցույց տվեցին ժողովրդավարական արժեքներին ՀՀ կառավարության հավատարմությունը։
«Իհարկե, չի կարելի ասել, որ այդ ընտրություններն անթերի են եղել։ Քաղաքական մթնոլորտն ու կուլտուրան մի հարց է, որը պետք է հասցեագրվի»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, դա նաև երկրի ռազմավարությունն է, որը հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ, այլ գիտակցված քաղաքական կուրս, որը վարում են ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը։
Հայաստանում, ըստ Փաշինյանի, դեռ ընթացքի մեջ են շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք պետք է հանգեցնեն մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակի։