Սա նոր հեքիաթ է մի մկնիկի մասին, որի ծննդյան օրը մայրը որոշում է նրան նվեր անել, սակայն այն խոհանոցում, որտեղ նրանք ապրում են, ուտելու ոչինչ չի լինում, այդ իսկ պատճառով մկնիկի մայրը որոշում է գնալ ցորեն փնտրելու, որպեսզի տորթ պատրաստի։ Իհարկե, ճանապարհին նա անցնում է տարբեր փորձությունների միջով ու կարողանոմ է փոքրիկ մկնիկի օրը տոն դարձնել։
Օպերայի երաժշտության և լիբրետոյի հեղինակը կոմպոզիտոր Քրիստ Մանարյանն է։ Նա այսօր հիշել է, թե որքան ոգևորված ու հուզված էր, երբ Կարեն Դուրգարյանից ստացավ օպերա գրելու առաջարկ։
«Ուշ ժամ էր, նստեցի ու միանգամից սկսեցի գրել, ոգևորությունից ամբողջ գիշեր չքնեցի»,– պատմում է նա։
Հայաստանի 90-ամյա օպերայի և բալետի ազգային թատրոնում առաջին մանկական օպերան Հարո Ստեփանյան «Քաջ Նազարն» էր, որը բեմադրվել է 1935թ–ին, հետո եղել է «Արեգակի ցոլքերումը», «Մի կաթիլ մեղրը», «Խարույկ», «Գիքորը» և «Կիկոսի մահը»։ Վերջինը եղել է 1978թ.–ի և հիմա` 45 տարի անց օպերային թատրոնը կրկին մանկական օպերա ունի։
«ՄուկՕպերան» առաջինն է, որի հիմքում գրական գործ չկա։ Քրիստ Մանարյանը ասում է, որ հատուկ է շատ թեթև լիբրետո գրել, որ երեխաներին չծանրաբեռնի։
Օպերայի բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է, ոճաբանը` Արայիկ Գաբաջանը, երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, գործիքավորողը՝ Մելիք Մավիսակալյանը։
Ստորև ներկայացնում ենք «ՄուկՕպերայի» գլխավոր փորձի ուշագրավ կադրերը։