Ներկայիս թմրանյութերը 1-2 անգամ գործածելիս խիստ կախվածություն են առաջանում

Ալեքսանդր Մանուկյան
Բժիշկ–մասնագետի կարծիքով` Հայաստանում թմրամիջոցների գործածումը շատացել է, քանի որ դրանք դարձել են ավելի հասանելի տարաբնույթ համացանցային հարթակների ու հեռախոսային հավելվածների միջոցով։
Sputnik
Հայաստանում ամենաշատ գործածվող թմրամիջոցը մարիխուանան է, որն անհամեմատ էժան է և հեշտ հասանելի։ Ֆինանսապես ապահովված մարդիկ գործածում են ավելի թանկ ու ծանր թմրամիջոցներ, բայց չեն գիտակցում, որ դրանց հետևանքներն ավելի կործանարար են, մանավանդ որ ներկայիս թմրանյութերն այնպիսի պոտենցիալ ունեն, որ մեկ–երկու անգամ գործածելուց հետո առաջանում է խիստ կախվածություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Եղվարդի հիվանդանոցի նարկոլոգիական և հոգեբուժական ծառայության ղեկավար Ալեքսանդր Մանուկյանը։
«Մեզ դիմում են այն ժամանակ, երբ արդեն կախվածությունը մեծապես անհանգստացնում է և դրա հետևանքով առաջանում են բարդություններ, առողջական ու հոգեբանական լուրջ խնդիրներ, մարդիկ հայտնվում են անախորժ իրավիճակներում։ Մեր հիվանդանոց դիմողների մեջ կան տարիքային տարբեր խմբերի հիվանդներ` 16–ից մինչև 70 տարեկան։ Թմրանյութ օգտագործողների տարիքը բավականին երիտասարդացել է, քանի որ թմրամիջոցները դարձել են ավելի հասանելի տարաբնույթ համացանցային հարթակների ու հեռախոսային հավելվածների միջոցով»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` շատերը դիմում են կամավոր, իսկ ստիպողաբար բերում են նրանց, ովքեր արդեն դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք, այսինքն` չեն գիտակցում իրենց արածը և այդ առումով կարող են ոչ միայն իրենց, այլև շրջապատի մարդկանց համար վտանգ ներկայացնել։
Վերջիններս հիմնականում բուժվում են հոգեբուժարաններում, որոշ մասն էլ՝ նարկոլոգիական հաստատություններում։
Անդրադառնալով ներկայումս գործածվող թմրանույթերի տեսականերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ եթե նախկինում ավանդաբար տարածված էր հիմնականում մարիխուանան՝ ծխելու տարբերակով, ինչպես նաև ներերակային ճանապարհով ափիոնն ու հերոինը, հիմա բավականին շատ են այնպիսի թմրանյութերը, որոնք դասվում են մետամֆետամինների և մեֆեդրոն պարունակող միջոցների խմբին։ Մեր օրերում մարիխուանան արդեն տարածում է գտել տարբեր խառնուկների տեսքով։ Շատ են օգտագործվում նաև սինթետիկ անաբինոիդները, որոնք գործածողի վրա թողնում են շատ ավելի վատ ազդեցություն` առաջացնելով փսիխոզներ, հոգեկան խանգարումներ։
«Թմրամոլներին թվում է, թե իրենք հոգեբանական կոմֆորտ են զգում, հետևաբար աշխատում են թուլանալ, հաճույք ստանալ, շարունակ գտնվել նիրվանայի մեջ, բայց իրականում դա շատ վտանգավոր վիճակ է»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` բուժման մեթոդները չեն փոխվել։ Բժիշկների զինանոցում գտնվող դեղամիջոցները շատ սահմանափակ են, չկա այն ներուժը, որը կարող է նոր դեամիջոցներ սինթեզել, հետևաբար օգտագործվում է այն, ինչն արդեն կա, թեև առաջացել է ցանկն ընդլայնելու անհրաժեշտություն` ելնելով ի հայտ եկած նոր թմրանյութերից և օբյեկտիվ այլ պայմաններից։
«Թմրամոլությունն ավելի շուտ դասվում է հոգեկան հիվանդությունների շարքին, կրում է քրոնիկ բնույթ։ Մեկընդմիշտ բուժվում են սովորաբար վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունները, իսկ քրոնիկ հիվանդությունները վերջնական բուժում չունեն։ Պարզապես մասնագետները հասնում են առողջական վիճակի լավացման` փորձելով հնարավորինս երկար ապահովել ռեմիսիան, այսինքն` մարդկանց պահում են այն վիճակում, որ կրկին թմրամիջոցներ չընդունեն, թեև երբեմն լինում են սրացումներ»,–նշեց մեր զրուցակիցը։
Հայաստանում կալանավորել են մի երիտասարդի, որի մոտ 140 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել
Բուժման պարագայում չափազանց կարևոր է հիվանդի կամքը, բուժվելու ձգտումը, ինչը ենթադրում է լուրջ մոտիվացիա, բժշկական աջակցություն ստանալու ցանկություն։ Այստեղ կարևոր է նաև հոգեբանների աշխատանքը, որպեսզի հիվանդները կարողանան հաղթահարել դժվարությունները, քանի որ նրանք կտրվում են արտաքին աշխարհից, հարազատներից, ընկերներից, ներփակվում են ու դառնում ինքնամփոփ։
Անդրադառնալով որոշ թմրանյութերի ազատականացման և հանրային վայրերում սահմանափակ քանակով դրանց օգտագործումը թույլատրեու խնդրին, Մանուկյանն ափսոսանքով նշեց, որ այդ հարցում բժիշկների կարծիքը, ցավոք, հաշվի չեն առնելու։
«Այն մարդիկ, ում շրջապատում հավաքույթների ժամանակ ընդունված է թմրանութ գործածել, գուցե կընդունեն այդպիսի օրենք, բայց Հայաստանն այդ դեպքում կհայտնվի շատ ավելի ծանր վիճակում։ Բացի դրանից, Հայաստանն ընկալվում է նաև տարանցիկ երկիր. արտերկիրց ինչ ասես ներմուծվում է»։
Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի քարոզչությունը պետք է սկսվի դպրոցից, որպեսզի մատաղ տարիքից երեխաները գիտակցեն, որ թմրանյութը չարիք է։ Մյուս կողմից պետք է ուժեղացված լինի սահմանների հսկողությունը, էլ չենք խոսում իրավապահ մարմինների գործունեության մասին, որոնք պետք է զգոն լինեն հատկապես համացանցային տիրույթում։
Նշենք, որ թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է ամբողջ աշխարհում։ Ըստ ԱՀԿ 2022 թ. զեկույցի` 2020 թվականին ամբողջ աշխարհում 284 միլիոն մարդ (15-64 տարեկան) օգտագործել է թմրամիջոցներ։ Այսինքն` աշխարհի` 15–64 տարեկան բնակչության 5,6%-ը կամ յուրաքանչյուր 18 հոգուց 1-ը թմրամիջոց է օգտագործում: Այս թիվը տարեցտարի ավելանում է, օրինակ, 2010 թվականին թմրամիջոց օգտագործողների թիվը գրեթե 60 միլիոնով պակաս էր` 226 միլիոն։