Նախորդ տարի Հայաստանում ավելի քան 48 հազար քաղաքացի գործազուրկ է եղել. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց տվյալներ, թե 2018 և 2019 թվականին միասնական սոցիալական ծառայությունների միջոցով քանի անձ է աշխատանքի անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) 2022 թվականին հաշվառվել է 48․561 գործազուրկ քաղաքացի։ Այս մասին 2022 թվականի բյուջեի արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«ՄՍԾ-ներում հաշվառված գործազուրկ անձանց թիվը 2022 թվականին եղել է 48․561, որից 10․362-ին զբաղվածության տարբեր ծառայությունների համագործակցության արդյունքում մենք աշխատանքի ենք տեղավորել։ Այս տվյալները մենք կարողանում ենք իմանալ համադրումների միջոցով։ Օրինակ՝ քաղաքացիները դիմում են ՄՍԾ տարածքային կենտրոն, խորհրդատվություն են ստանում, հետո ՊԵԿ-ի միջոցով մենք կարողանում ենք պարզել`նրանք աշխատո՞ւմ են մեր ուղղորդած կառույցներում, թե՞ ոչ։ Մյուս տարբերկան էլ տվյալներ ստանալու՝ զբաղվածության ծրագրերն են, որոնց ժամանակ ուղեգրեր են տրամադրվում անձանց»,- ասաց Մկրտչյանը։
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Մկրտչյանը շեշտեց, որ 2018 թվականին ԱՍՀ նախարարության համապատասխան կառույցների միջոցով 11․966 անձ է սկսել աշխատել, իսկ 2019 թվականին՝ 13․513։
Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից փոխհատուցում կստանան