Մոլդովան 2 օրով կփակի օդային տարածքը. պատճառը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է

Քիշնևի օդանավակայան
Մոլդովայի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 2-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Մոլդովայի իշխանությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պատճառով երկու օրով կփակի երկրի օդային տարածքը: Տեղեկությունը հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով քաղաքացիական օդանավերի, այդ թվում՝ անօդաչու սարքերի (դրոնների) բոլոր թռիչքներն արգելված են Մոլդովայի ամբողջ տարածքում, իսկ քաղաքացիական ավիացիայի վարչություն ներկայացված թռիչքների ծրագրերը մայիսի 31-ից հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածում չեն ընդունվում»,– նշված է Մոլդովայի կառավարության տելեգրամյան ալիքում:
Մոլդովայի իշխանությունը պատրաստվում է հունիսի 1-2-ը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնել, որը տեղի կունենա Բուլբոակա բնակավայրում գտնվող «Միմի» գինեգործարանի տարածքում:
Հիշեցնենք` գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ արդեն մեկնել է Մոլդովա։
Քիշնևում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: