ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ն առաջարկել է Կիևին, Անկարային ու Մոսկվային նախապատրաստական աշխատանքներ սկսել Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի տարանցման համար։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելովիր աղբյուրին:
ՄԱԿ-ն ուզում է, որ զուգահեռ բանակցություններ անցկացվեն հացահատիկի գործարքի ընդլայնման շուրջ՝ ավելի շատ ուկրաինական նավահանգիստների միացմամբ և այլ ապրանքատեսակների ընդգրկմամբ։
Աղբյուրի պնդմամբ՝ Ուկրաինան և Թուրքիան արդեն համաձայնել են ՄԱԿ-ի առաջարկին, իսկ Ռուսաստանը դեռ չի պատասխանել:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հայտարարեց, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան–ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ:
Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ` առանց որևէ փոփոխության: