ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ուկրաինան այս ամռանը պատրաստվում է հարձակման անցնել և կարող է հույսը դնել ԱՄՆ-ից լրացուցիչ սպառազինության արագ մատակարարման վրա։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, մինչ պատրաստվում է ամռանը հարձակողական գործողություններ սկսելուն․․․ Մենք մտադիր ենք ամառվա ընթացքում շարունակել ռազմամթերքի փոխանցումը, պաշտպանական համակարգերի մատակարարումն Ուկրաինային, այդ թվում՝ շատ մոտ ապագայում»,-ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Սպիտակ տանը գիտեն հարձակման մեկնարկի ավելի կոնկրետ ժամկետների մասին, Քիրբին նշել է, որ ամերիկացի զինվորականները պլանավորման սկզբից ի վեր կապի մեջ են ուկրաինացի գործընկերների հետ: