Արցախի մշուշոտ ապագան և Կոսովոյի օրինակը

Ստեփանակերտ
Sputnik
Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Բաքվում այս օրերին ուշիուշով հետևում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Կոսովոյում, և փորձում են հասկանալ՝ արդյոք Ղարաբաղու՞մ էլ կաշխատի այդ սցենարը՝ հազարավոր մարդկանց իրենց պապենական հողերից և բնակավայրերից դուրս մղելու ծրագիրը։ Կոսովոյում խոսքն այն տասնյակ հազարավոր սերբերի մասին է, որոնք չլքեցին իրենց տները այն բանից հետո, երբ 2008 թվականին այդ երկրամասը անկախություն հռչակեց։
Սերբերին, որոնք ապրում են հիմնականում Կոսովոյի հյուսիսում և կազմում ընդհանուր բնակչության մոտ 5 տոկոսը, միանգամից ներկայացվեց նույն պայմանը, որն այժմ Իլհամ Ալիևն է ներկայացնում Արցախի հայերին՝ կա՛մ օրինապաշտ քաղաքացիներ եք դառնում ու ենթարկվում Ադրբեջանում գործող օրենքներին և կանոններին, կա՛մ հեռանում եք։
Քանզի առիթը կա, ուզում եմ հակիրճ հիշեցնել, թե ինչպես ստացվեց, որ մենք՝ հայերս, բաց թողեցինք հրաշալի հնարավորությունը, որն ընձեռել էր Կոսովոյի անկախացումը, և հիմա ստիպված լուռ հետևում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները յուրացնում Կոսովոյից սերբերին վտարելու դասերը։ Ախր, երբ Կոսովոն բռնեց անկախացման ճանապարհը, մենք պիտի կառչեինք այդ նախադեպից, հանգիստ չտայինք Արևմուտքին, անընդհատ հարցնելով՝ ինչո՞ւ Կոսովոն կարող է անկախանալ, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։
Փոխարենը ի՞նչ արեցինք՝ հրապարակավ հայտարարեցինք, թե բացարձակ ոչ մի նմանություն չկա երկու հակամարտությունների միջև, և զուգահեռներ անցկացնելը տեղին չէ։ Մենք մեր ձեռքով մեզ տարանջատեցինք Կոսովոյում տեղի ունեցող գործընթացներից։ Արդյունքում Կոսովոն ի վերջո անկախացավ, դարձավ տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ, ճանաչվեց աշխարհի տասնյակ երկրների կողմից, իսկ Արցախը...
Գիտեմ, թե ինչ մեղադրանքներ եմ լսելու հիմա։ Ինչպե՞ս կարելի է համեմատել մեծ տերությունների վերաբերմունքը Կոսովոյին և Արցախին։ Սեփական շահերից ելնելով` նրանք կարող են Եվրոպայում բարյացակամ դիրքորոշում որդեգրել և ամեն կերպ խրախուսել անջատականությունը, վկայակոչել ազգերի ինքնորոշման իրավունքը, այնինչ, մեր տարածաշրջանում հանդես գալ որպես տարածքային ամբողջականության սկզբունքային պաշտպաններ։ Անվերապահորեն ընդունում եմ այդ բոլոր փաստարկները, միայն թե մինչև հիմա այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ էինք մենք այդքան խուսափում Կոսովոյի օրինակից՝ չէ՛, չէ՛, հանկարծ մեզ Կոսովոյի հետ չհամեմատե՛ք։
Իսկ հիմա այդ նույն Կոսովոյում ալբանացիները փորձարկում են սերբական փոքրամասնության դեմ ուղղված սցենարը, որն այնքան մոտ է ադրբեջանցիների սրտին, քանզի այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները փաստորեն ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում, Բաքուն մեկ մտահոգություն ունի՝ ինչպե՞ս ստիպել ղարաբաղցիներին հեռանալ՝ առանց հարուցելու միջազգային հանրության զայրույթը։ Կոսովոյի իշխանությունների գործողություններն այս իմաստով կարելի է դասական համարել։ Անցած տարվա վերջին առաջին հայացքից աննշան վեճ ծագեց ավտոմեքենաների համարանիշների շուրջ։
Երևի գիտեք՝ սերբերը ցանկանում էին շարունակել օգտագործել Սերբիայում ընդունված համարանիշները, Կոսովոյի իշխանությունները հակադարձում էին՝ եթե դուք մեր քաղաքացիներն եք, բարի եղեք օգտվել միմիայն մեր տեղական համարանիշներից։ Եվ երբ սերբերը ի նշան բողոքի սկսեցին արգելափակել ճանապարհները, Կոսովոյի իշխանությունները մայրաքաղաքից հատուկջոկատայիններ բերեցին։ Շատերն այն ժամանակ չգիտակցեցին այս քայլի նշանակությունը և հետո միայն հասկացան՝ դրանով տեղի սերբերը զրկվեցին պաշտպանվելու վերջին հնարավորությունից։ Ախր, տեղի ոստիկանությունը հիմնականում հենց սերբերից էր կազմված, իսկ Պրիշտինայից ժամանած ալբանացի հատուկջոկատայինները պարզապես չեզոքացրին ու մեկուսացրին սերբ ոստիկաններին։
Հետո հերթը հասավ տեղական իշխանության մարմիններին։ Մինչև վերջերս Կոսովոյի սերբական բնակավայրերի քաղաքապետներն ու գյուղապետները, բնականաբար, սերբեր էին, այսինքն, կարելի է ասել, որ սերբերն, այնուամենայնիվ, ինչ-ինչ ինքնավարություն ունեին։ Կոսովոյի իշխանությունները սրա հետ, իհարկե, չէին կարող համակերպվել և ապրիլին նոր ընտրություններ նախաձեռնեցին, որոնք սերբերը բոյկոտեցին։ Արդյունքում կատարվեց այն, ինչ սպասվում էր՝ Կոսովոյի սերբական մասում քաղաքապետ ու գյուղապետ դարձան ալբանացիները, որոնց օգտին քվեարկել էր ընտրողների ընդամենը 4 տոկոսը։ Պատկերացնո՞ւմ եք մի քաղաքապետ, որին այդ քաղաքի բնակիչների 96 տոկոսը չի ընտրել։
Երբ անցած շաբաթվա վերջին նորընտիր ալբանացի տեղական ղեկավարները փորձեցին զբաղեցնել իրենց առանձնասենյակները, սերբերը շրջափակեցին վարչական շենքերը, և բախումներ սկսվեցին ցուցարարների ու ալբանացի հատուկջոկատայինների միջև։ Բայց ամենավտանգավորն այն է, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահները ևս ներքաշվեցին բախումների մեջ և ցրեցին բողոքողներին արցունքաբեր գազով և այլ հատուկ միջոցներով, ցուցարարներն էլ փայտեր ու շշեր նետեցին խաղաղապահների ուղղությամբ։ Երևի հասկանում եք, թե ինչ շահեկան էր կատարվածը Կոսովոյի իշխանությունների համար, որոնք հիմա կարող են հայտարարել՝ ահա այսպիսին են այդ անշնորհակալ սերբերը. խաղաղապահները եկել են իրենց պաշտպանելու, իսկ նրանք հարձակվում են խեղճ խաղաղապահների վրա։
Վստահ եմ՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնց նպատակը կարելի է կռահել՝ դուրս մղել բոլոր արցախցիներին Արցախից, անպայման կօգտագործեն այս նախադեպը, հայտարարելով՝ եթե Կոսովոյի իշխանությունները կարող են զրկել ազգային փոքրամասնությանը իշխանական բոլոր լծակներից, ինչո՞ւ Ադրբեջանը իրավունք չունի նույնն անելու։ Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա միայն հուսալ կարելի է, որ Երևանը չի բավարարվի արտգործնախարարության հերթական հայտարարությամբ՝ արդեն կատարված փաստից հետո։
Կոսովոյի հյուսիսում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել. ոստիկանություն