Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում. ԶԼՄ

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան. Արխիվային լուսանկար
ԱԱԾ տնօրենը հայտնել է է, որ թմրամիջոցները մեծ ու վտանգավոր տարածում ունեն անչափահասների շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել, տեղեկացնում է «Հրապարակը»։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։
«ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, և այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։ Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում»,-նշում է օրաթերթը։
Նշվում է, որ Արմեն Աբազյանն խոսել է նաև Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի մասին և վճռական հայտարարել, որ հետախուզում է հայտարարելու Միհրան Պողոսյանի նկատմամբ և անպայման նրան Հայաստան է բերելու ու կալանավորելու է։ ԱԱԾ տնօրենի խոսքից ներկաները հասկացել են, որ չնայած Պողոսյանը մի քանի ուղերձ է հղել՝ տեսանյութեր, հայտարարելով, որ ինքն է նպաստել «Մրգենի» ՍՊԸ-ում թմրանյութի բացահայտմանը, այդուհանդերձ, ինքն ուղիղ ներքաշված է կոկաինը Հայաստան բերելու գործի մեջ:
Հավելենք, որ մայիսի 30-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ հետախուզում է հայտարարվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։
Ավելի լավ է՝ ինքը գա, պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին
Նշենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։