ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Հարցին` ե՞րբ է դա եղել` Հովհաննես Մովսիսյանը չկարողացավ հստակ պատասխան տալ` ասելով, որ ժամանակագրորեն չի հիշում։
Նշենք, որ ավելի վաղ Արամ Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին չեն թողնում մտնել Հանրային հեռուստաընկերության շենք։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չնախաձեռնվեց։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։