ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։
Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։Արդյունքում` ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի:
Նրանք հիշեցրել են, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
«Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային»,– ասված է հաղորդագրությունում։
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը պարապուրդի պատճառով անձնակազմին ուղարկել է հարկադիր արձակուրդի` աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով։
Նշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։
Հիշեցնենք` «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է 2007 թվականից: Բացի Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներից (որոնք գործում են համապատասխանաբար Քաջարանի և Ագարակի հանքավայրերում), խմբի հայկական ակտիվները ներառում են Սոթքի ոսկու հանքը:
Հայաստանում աշխատելու տարիներին ընկերությունը արտադրության զարգացման համար ներդրել է ավելի քան 400 մլն դոլար։